ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Ազգային արժեքները նսեմացնող առաջարկները տեղ չեն գտնում կրթական բարեփոխման գործընթացում»

«Ազգային արժեքները նսեմացնող առաջարկները տեղ չեն գտնում կրթական բարեփոխման գործընթացում»
18.04.2014 | 13:08

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էր «Գենդերային ուսուցման ինտեգրումը ՀՀ հանրակրթական դպրոցի ուսումնական պլան» ծրագիրն ամփոփող կլոր սեղան, որի ընթացքում պետք է ներկայացվեր նաև «Գենդերային բաղադրիչի ներառումը «Հասարակագիտություն» առարկայի մեջ» առաջարկությունների փաթեթը:
Կլոր սեղանի փակ լինելը, Երևանում ու ՀՀ մարզերում անցկացվող անհասկանալի ծրագրերը, ի վերջո, «գենդեր» վիճահարույց եզրույթի շահարկումն ու «գենդերային բաղադրիչ» ասվածը դասագրքերում մտցնելու փորձը դժգոհությունների ալիք են բարձրացրել:
Ինչպիսի՞ն է ՀՀ կրթության և գիտության նախարարության դիրքորոշումը հարցի շուրջ, առաջարկությունների փաթեթը կարո՞ղ է ի վերջո ընդունվել` կրթական ծրագրերում լուրջ փոփոխությունների առիթ դառնալով:
Նախարարության հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ ընդհանրապես անհասկանալի է այդ փաթեթը. «Կրթության և գիտության նախարարությունը մշտապես համագործակցում է միջազգային հասարակական կառույցների և կազմակերպությունների հետ` կարևորելով այդ աշխատանքը կրթական բարեփոխումներում, և շատ թափանցիկ է մեր գործելաոճը: Եթե ներկայացված ծրագրերում մեր ազգային արժեքները նսեմացնող առաջարկներ են լինում, բնական է, դրանք չեն կարող տեղ գտնել այդ բարեփոխման գործընթացում»:
Անդրադառնալով վիճահարույց փաթեթին, տիկին Հովհաննիսյանը նշեց, որ ուսումնական պլանը այլ փաստաթուղթ է, «Հասարակագիտություն» առարկայի ծրագիրը` այլ, չափորոշիչները տարբեր են. «Նրանց գաղափարն ու ծրագրերն անհասկանալի են, պետք է ներկայացնեն առաջարկները, որպեսզի քննարկենք, հասկանանք»:
Հետաքրքրվեցի` հասարակագիտության առարկայի մեջ կա՞ն բացեր:
«Այդպիսի հարց չի առաջացել, բարեփոխումների առումով մենք բաց ենք ցանկացած առարկայի հետ կապված: Եթե լինում են առաջարկություններ, դիտողություններ, անպայման դրանք շտկում ենք` յուրաքանչյուր դասագրքի վերահրատարակման ժամանակ կամ երբ դասագրքի նոր մրցույթ է հայտարարվում»,- ասաց Նարինե Հովհաննիսյանը, նշելով, որ հաշվի են առնում անգամ աշակերտների առաջարկությունները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ